Համաշխարհային պրեմիերա Ռոտտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում

Tuesday, February 26, 2019

2019թ. Ռոտտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի՝ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմ արտադրությունում, որն առաջին անկախ ֆիլմարտադրությունն է Հայաստանում` Խորհրդային միության փլուզումից հետո։

Ֆիլմն անդրադառնում է ռուս զինվորի կողմից 2015թ.-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությանը։

Ներշնչվելով իրական դեպքերից՝ հեղինակներն ստեղծել են գեղարվեստական մի պատում, որտեղ առաջնային է դառնում արժանապատվության և  անձնազոհության գաղափարը։

Ֆիլմը մասնացում էր Ռոտտերդամի միջազգային կինոփառատոնի պաշտոնական՝ Deep Focus/Signature ծրագրում, որտեղ ընդգրկվում են կինոյում մեծ վաստակ և հեղինակություն ունեցող հայտնի կինոռեժիսորների նոր աշխատանքներ։

Սա Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի ութերորդ մասնակցությունն է այս հեղինակավոր կինոփառատոնին` սկսած 1992 թվականից։

Ռոտտերդամի միջազգային կինոփառատոնը տարիներ ի վեր առանձնանում է կինոաշխարհում՝ ընտրելով միայն հեղինակային բարձրաժեք և ոչ կոմերցիոն ֆիլմեր։ Այն աշխարհի փառատոնային ցուցակում դասակարգվում է առաջին տասնյակի մեջ։

Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հանդիսատեսի և թե՛ պրոֆեսիոնալների շրջանակներում, ինչի վկայությունն է մի շարք հրավերներն այլ միջազգային կինոփառատոններից՝ Իսպանիայից, Ուրուգվայից, Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և այլն։

«Անչափ ուրախ եմ, որ այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան կարողացանք ներկայացնել Ռոտերդամի կինոփառատոնում։ Ինձ համար սա անձնական հաճույք է, քանի որ ես ռեժիսորների հետ ծանոթ եմ ավելի քան քսանյոթ տարի՝ սկսած իմ առաջին համագործակցությունից այս փառատոնի հետ։

Ես մինչ այժմ հիանում եմ նրանց աշխատանքով, նրանց ուրույն մոտեցմամբ և ոճով, որը հնարավոր չէ գտնել այլ ռեժիսորների մոտ։ Սա մի ոճ է, որն անընդհատ ստիպում է քեզ մտածել, դու չես ստանում միայն պատումը, այլ ընկալում ես փիլիսոփայությունը։

Ֆիլմում արտացոլված է կրոնի, բռնության, քաղաքականության ու վախի էությունը, ու չնայած նրան, որ ֆիլմը շատ անձնական է, քանի որ հիմնված է իրական դեպքերի վրա, այն շատ համամարդկային է։

Սա ընկալումից է կախված, այն կարող է համեմատվել Դոստոևսկու վեպի հետ, լինելով նույնքան խորը։

Ոճը, թվում է, թե պարզ է, բայց իրականացված է շատ գեղեցիկ՝ հնչյունի, երկար պլանների ու երաժշտության միջոցով։

Իմ առաջին տպավորությամբ՝ սա լուռ ֆիլմ է. ճիչ բռնության մասին, այն հակասություն է, թե ինչպես մենք՝ որպես մարդ արարած կկրթենք մեր երեխաներին։ Արդյո՞ք մենք կփոխանցենք նրանց մեր դաժանությունը, մեր վարքագիծը։

Սա բարդ ֆիլմ է, բայց շատ հարուստ, ու այն պետք է դիտվի ամենուր»,-ասել է կինոգետ, Ռոտտերդամի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրի ղեկավար Էդվին Կարելսը:

Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գոթենբուրգի, Էդինբուրգի, Լուիզվիլի և այլ փառատոնների, ստանալով մրցանակներ և լայն արձագանք մամուլում։

Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են իրենց «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ ֆիլմերով։